Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, նա արդեն տանն է․ հայտարարություն
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
«Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին նրա կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։










