Սպիտակ տանը բացատրել են, թե ինչու է Թրամփն աշխատանքի ընդունել Ջոն Բոլթոնին

09:40 • 20.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում աշխատանքի է ընդունել Ջոն Բոլթոնին, քանի որ ցանկացել է թիմում տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ ունենալ։ Այս մասին հունիսի 19-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին, գրում է The Guardian-ը։

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ NBC News-ի թղթակիցը մեջբերել Է Դոնալդ Թրամփի՝ Բոլթոնի և իր նախկին գլխավոր օգնականների հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերը՝ հարցնելով․ «Ինչո՞ւ է նախագահը շարունակում աշխատանքի ընդունել մարդկանց որոնք բութ են, ինչպես ժայռերը, գերագնահատվում են, չարաշահում են իրենց լիազորությունը, խելագար են և ոչ կոմպոնենտ»։

«Նախագահ Թրամփը աշխատակիցներին աշխատանքի ընդունելու որոշումը կայացնում է հիմնվելով այն սկզբունքի վրա, որ իրեն թիմում պետք են հակառակ հայացքներով մարդիկ»,-նշել է Մակինանին:

Նրա խոսքով՝ Բոլթոնի նշանակման մասին Թրամփն ասել է.«Ինձ դուր է գալիս, երբ իմ կարծիքից խիստ տարբերվող մարդ կա թիմում»: Ինչպես ընդգծել է մամուլի քարտուղարը, ԱՄՆ առաջնորդը հավատարիմ է «մրցակիցների թիմի ստեղծման» մոդելին:

«Երբեմն այդ մարդիկ ապացուցում են, որ իրենց հասցեին ասված պիտակները ճիշտ են»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը վիրավորանքների մասին՝ ընդգծելով, որ դրանք հատկապես ճշմարիտ են Ջոն Բոլթոնի դեպքում, որը բազմիցս գովաբանել է նախագահին, իսկ նրա մեջքի հետևում՝ զրպարտել։

Հիշեցնենք, որ Բոլթոնի հեղինակած «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» աղմկահարույց գիրքը պետք է լույս տեսնի օրեր անց: Հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար: