Թուրքմենստանի նախագահը չի մասնակցի Մոսկվայում հունիսի 24-ին կայանալիք Հաղթանակի զորահանդեսին՝ ծննդյան օրվա պատճառով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի մեկնի Մոսկվա Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար՝ իր ծննդյան օրվա պատճառով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրքմենստանն այսօր» պետական գործակալությունը, Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է eadaily.com-ը։
Հունիսի 29-ին Թուրքմենստանի նախագահը կտոնի ծննդյան 63-ամյակը, այսինքն՝ նա կհասնի Մուհամեդ մարգարեի տարիքին։ Ազգային ավանդույթների համաձայն՝ այդ օրը պետք է նշել ընտանիքի, հարազատների ու մտերիմների հետ։
«Կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով այս պահին սահմանվել են նոր հակահամաճարակային՝ այդ թվում կարանտինային միջոցառումներ, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր մարդ արտասահմանից վերադառնալուց հետո պետք է երկու շաբաթ գտնվի ինքնամեկուսացման ռեժիմում, ինչը ներկայում անհնար է դարձնում արտասահման ուղևորություններ կատարելը»,-նշում է լրատվամիջոցը:
Թուրքմենստանի պատվիրակությունը Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին կգլխավորի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բեգենչ Գունդոգդըևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում տեղեկացնում է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու հունիսի 24-ին Մոսկվայում:










