Ադրբեջանում հայտնել են, որ հնարավոր է՝ երկրի բնակիչներն «առաջիկա ամիսներին, անգամ՝ տարիներին» ստիպված լինեն դիմակ կրել

14:29 • 20.06.20

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ երկրի տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման վարչության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի ղեկավար Յագութ Գարաևան հայտարարել է, որ դիմակ կրելն այսուհետ ադրբեջանցիների համար ապրելակերպ պետք է լինի, գրում է minval.az կայքը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունը պահելու պահանջներին հետևել:

«Դիմակ կրելը մեր նոր ապրելակերպը պետք է դառնա: Դա կարևոր է մարդկանց ինքնապաշտպանության համար: Ամեն մարդ պետք է դիմակ կրի ոչ թե որևէ բժշկի կամ պետական կառույցի, այլ իր և իր հարազատներին պաշտպանելու համար: Առաջիկա ամիսներին, հնարավոր է՝ նաև տարիներին ստիպված կլինենք դիմակ կրել: Եվրոպական այն երկրները, որոնք խիստ կարանտինային ռեժիմից հետո սահմանափակումների թուլացման ճանապարհով են գնում, նույնպես այս մեթոդն են կիրառում»,-նշել է նա:

Վերջին տեղեկությունների համաձայն՝  Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 11 767 դեպք, որից 143-ը` մահվան ելքով: Հիվանդությունից երկրում ապաքինվել է 6 325 մարդ: