Գերմանական BMW ավտոընկերությունը կորոնավիրուսի պատճառով մտադիր է մոտ 6 000 աշխատակցի կրճատել

18:10 • 20.06.20

Գերմանական BMW ավտոընկերությունը կորոնավիրուսի բացասական հետևանքների պատճառով մտադիր է մոտ 6 000 աշխատակցի կրճատել, հայտնում է interfax.ru կայքը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ BMW ընկերության այս ծրագրի շրջանակներում կրճատումներից բացի աշխատակիցներին ժամանակից շուտ թոշակի անցնելու հնարավորություն կտրվի, ինչպես նաև այլևս չեն երկարեցվի ժամանակավոր պայմանագրերը, նախկինում թափուր աշխատատեղերի համար տրված հայտարարությունները կչեղարկվեն:

Նշվում է, որ BMW-ն նաև ինքնավար մեքենաների համար տեխնոլոգիաների արտադրության ոլորտում Mercedes-Benz ապրանքնանիշի հետ ունեցած համագործակցությունը կդադարեցնի:

Հայտնի է, որ ներկայում BMW ընկերությունն ամբողջ աշխարհում մոտ 126 հազար աշխատակից ունի: Համավարակի ընթացքում ընկերությունը կարճ աշխատանքային օրվա սխեմայով էր աշխատում, որը ենթադրում էր, որ Գերմանիայի կառավարությունը «կորած ժամերի համար» մասնակի վճարում է կատարում աշխատակիցներին: Մայիսին ընկերությունը հայտնել էր, որ այս սխեմայով ավելի քան 30 000 մարդ է աշխատում:

Սակայն ընկերությունը հինգշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի և դրա հետևանքներից ընկերությունը փրկելու հետագա գործողությունների ծրագրին են անցնում: Ընկերությունից նշել են, որ հիմնական կրճատումները Գերմանիայում գտնվող մասնաճյուղերում են լինելու: