«Մարմնի հիգիենայի հետ մեկտեղ պետք է հետևենք նաև մտքի հիգիենային». Դալայ Լաման կոչ է արել մարդկանց սովորել աշխատել բացասական հույզերի հետ
Դալայ Լամա 14-րդը կոչ է արել մարդկանց սովորել իրենց բացասական հույզերի հետ աշխատել՝ օգտագործելով հին հնդկական կրոնական աշխատություններում ներառված բազմադարյա փորձը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տիբեթական բուդդայականության հոգևոր առաջնորդը շաբաթ գիտնականների և փիլիսոփաների հետ առցանց հանդիպում է ունեցել, որի ընթացքում խոսել է դիմացկունության ու կարեկցանքի և այս հարցերում գիտության դերի մասին:
«Մարմնի հիգիենայի հետ մեկտեղ մտքի հիգիենային նույնպես պետք է հետևենք»,- նշել է Դալայ Լաման հանդիպման ժամանակ, որը ուղիղ հետարձակվել է նաև յութուբյան հարթակում:
Նա նշել է նաև, որ հին հնդկական կրոնական աշխատություններում մարդու բացասական հույզերի մասին մանրամասն նկարագրություններ կան: Առաջնորդի կարծիքով՝ խելքի հետ միասին մարդու գիտակցությունը հենց այս հույզերի հետ աշխատանքին պետք է ուղղվի:
Հանդիպման ընթացքում հոգևոր առաջնորդը նաև առաջարկել է այս հարցը ժամանակակից կրթության մաս դարձնել:
«Ցավոք, այսօր կրթությունը կյանքի նյութական կողմին է ուշադրություն դարձնում՝ մոռանալով հոգևորի մասին»,- նշել է նա:










