Tesla ընկերությունը խնայողությունների համար որոշել է սառեցնել աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը որոշել է խնայողություններ անել և սառեցրել է աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները, այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում տալով ընկերության կադրային բաժնի ղեկավար Վալերի Կապերս Ուորքմենի՝ աշխատակիցներին ուղղված նամակին:
«Մեր ձեռնարկության և աշխարհում գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար COVID-19-ի տնտեսական հետևանքների պատճառով նախորդ ամիսների ընթացում պարգևավճարներ ստանալու մասին ձեր ստացած ծանուցումներ չեղարկվում են, քանի որ նման հավելավճարների նախորդ ցիկլը հուլիսի 1-ից մեկնարկող նոր ցիկլով ենք փոխարինում»,- ասվում է Ուորքմենի նամակում:
Այստեղ նշվում է նաև, որ նման որոշումը պայմանավորված է «համավարակից հետո Tesla-ի ծաղկման» ցանկությամբ:
ԱՄՆ արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի ծանուցումների համաձայն՝ Իլոմ Մասկի այս ընկերությունը մոտ 48 000 աշխատակից ունի:
Հայտնի է, որ COVID-19 համավարակի ֆոնին ԱՄՆ-ում նախորդ դարի Մեծ ճգնաժամից հետո զբաղվածության մակարդակի անկման և գործազրկության խոշորագույն ալիքն է սկսվել: Հայտնի է,որ աշխատատեղերի կրճատումները երկու անգամ գերազանցել են 2007-2009 թվականների ճգնաժամի ընթացքում գրանցված ցուցանիշներին:










