Հադրութի շրջանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփման շրջանակից իրականացվում են նմուշառումներ․ բոլոր թեստերի պատասխանները բացասական են

14:33 • 21.06.20

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները վերջին երկու օրերին շարունակել են թեստավորման համար նմուշառում իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից:  Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշված քաղաքացիները շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի նախկինում հաստատված քաղաքացիների շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները նախապես մեկուսացված էին։ Արդյունքում արդեն 2-րդ օրն է՝ բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են։

Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 24 է։