Պետք է փորձել Ադրբեջանի հասարակությանը հասցնել այն ուղերձը, որ իր ղեկավարությունը ռազմատենչ հայտարարություններն անում է նաև սեփական իշխանությունը պահպանելու նպատակով. Տարոն Հովհաննիսյան

12:59 • 21.06.20

Բավականին բարդ է հաշվարկել, թե նշված ուղերձները Ադրբեջանի բնակչության մոտ ինչպիսի արձագանքներ կստանան, որովհետև համապատասխան գործիքները չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ երբեք չի բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ:

Ըստ Հովհաննիսյանի՝ վարչապետը, նշելով, թե խնդրի էությունը կարող է տարբեր լինել Ադրբեջանի իշխանության և բնակչության համար, փորձում էր ցույց տալ հակադրությունը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների համար լուծումը կարող է լինել նաև սեփական բիզնեսների և այլ շահերի խնդիր, իսկ բնակչության համար այն ավելի լայն նշանակություն ունի, այն է՝ խաղաղ պայմաններում ապրելը:

«Եթե օրինակ, նպատակն այդ ուղերձներով խաղաղություն մուրալն է, բնականաբար դա վատ գաղափար է: Պետք է Ադրբեջանի բնակչությանը հասցնել հակադրությունը, որ իրենց համար լավ կլինի խաղաղությունը, որովհետև պատերազմը արդեն իրենց համար վատ է եղել: Սա ընկալում եմ ոչ թե խաղաղություն մուրալու, այլ՝ խաղաղություն պարտադրելու և դրա արդյունավետության գաղափարը Ադրբեջանի ժողովրդին հասցնելու ուղերձ, որը կարող է իր ազդեցությունն ունենալ»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանը նկատի ուներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որն անընդհատ կատարում է ագրսեիվ հայտարարություններ, դա իրականացնում է ոչ միայն այն պատճառով, որ նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ՀՀ-ում և Արցախում, այլև նպատակ ունի մյուս ուղղությամբ ազդելու Ադրբեջանի հասարակության վրա: «Իրենց հասարակությունը որևէ բան չի ստանում այդ հայտարարություններից՝ բացի էմոցիանալ ֆոնի ապահովումը, որը նաև նպատակ ունի իշխանությունների իմիջը ներսում պահելու, բարձրացնելու»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, թե վարչապետի հայտարարությունն ընկալում է նաև այն տրամաբանության մեջ, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը չգա կառուցողական դաշտ, իսկ դա հավանական է, ապա կարելի է աշխատել Ադրբեջանի բնակչությանը բացատրելու ուղղությամբ, որ իրենց իշխանությունների գործելաոճը, հայտարարությունները, այնպես չէ, որ ուղղված են խնդրի լուծմանը:

«Խնդիրը Ադրբեջանի ժողովրդին այն ուղերձը հասցնելն է, որ իրենց իշխանության տարած քաղաքականությամբ իրենք որևէ լավ բանի չեն հասնելու, և որ իրենց ղեկավարությունն այդ հայտարարություններն անում է նաև սեփական իշխանությունը պահպանելու նպատակով»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ թեև Ադրբեջանում ԶԼՄ-ները վերահսկվում են, բայց սոցցանցերն այդ ուղերձների տարածման համար կարող են դառնալ արդյունավետ գործիք: