Մեծ Բրիտանիայում տղամարդը դանակով հարձակվել է այգում գտնվողների վրա. 3 մարդ մահացել է, 2-ը՝ ծանր վիրավորվել

03:32 • 21.06.20

Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքի կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է այգում գտնվողների վրա. 3 մարդ տեղում մահացել է, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում՝ հոսպիտալացվել, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հանցագործը տեղում ձերբակալվել է. նրան ոստիկաններից մեկն է հասցրել վնասազերծել՝ գետնին տապալելով: PA գործակալության հաղորդմամբ՝ տղամարդը Լիբիայի քաղաքացի է, սակայն նրա մասին այլ տվյալներ դեռևս չկան:

Ականատեսներից մեկը գործակալության հետ զրույցում ասել է, որ տղամարդը հանկարծակի հարձակվել է այգում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց մի խմբի վրա: «Այգին բավական մարդաշատ էր, երբ տղամարդը մոտեցավ 10 հոգանոց մի խմբի, ինչ-որ անհասկանալի բան բղավեց, դանակով հարձակվեց և նրանցից երեքին պարանոցի հատվածում ծանր վնասվածքներ հասցրեց, ապա հարձակվեց մեկ այլ խմբի վրա և մեկ ուրիշին թիկունքից՝ կրկին պարանոցի հատվածում հարվածներ հասցրեց, ապա փախուստի դիմեց», - պատմել է 20-ամյա ականատեսը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով՝ 22:30-ին), դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի բրիգադներ և 2 ուղղաթիռ՝ բժիշկներով: Այդ ընթացքում սոցիալական ցանցերում են հայտնվել կադրեր, որոնցում երևացել են վիրավորները, նրանց առաջին օգնություն ցուցաբերող քաղաքացիներն ու տեղում աշխատող ոստիկանները:

Sky News-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը կատարված հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն:

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղի ունեցածը հրեշավոր արարք է որակել: «Իմ մտքերը Ռեդինգում տեղի ունեցած այս հրեշավոր արարքից տուժածների հետ են: Շնորհակալ եմ փրկարարներին, որ աշխատում են տեղում», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ջոնսոնը: