Սերբիայում այսօր տեղի են ունենում խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ

10:48 • 21.06.20

Հունիսի 21-ի առավոտյան Սերբիայում բացվել են ընտրատեղամասերը, երկրում անցկացվում է խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սերբիայի ընտրական հանձնաժողովին:

Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ձայնի իրավունք ունի 6 584 376 ընտրող, որոնք քվեարկում են 07:00-ից (Երևանի ժամանակով 09:00-ից) 20:00-ն (Երևանի ժամանակով 22:00) ընկած ժամանակահատվածում: Բացվել է 8385 ընտրատեղամաս, որոնցից շուրջ 90-ը գտնվում է Կոսովոյի և Մեթոխիայի տարածքում, 42-ը` արտերկրում:

Ընտրություններին գրանցվել է շուրջ 3300 տեղացի և 111 արտասահմանցի դիտորդ:

Ընտրական հանջնաժողովը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, քաղաքացիները ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն դիմակներով`պահպանելով սոցիալական հեռավորությունը, ախտահանելով ձեռքերն ու խուսափելով ֆիզիկական շփումներից:

Ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքը պետք է հայտարարի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 96 ժամը և 10 օրվա ընթացքում փոխանցի մանդատները նորընտիր խորհրդարանականներին:

Ընտրություններին մասնակցության մակարդակը սպասվում է 45%-ի մոտակայքում: Սոցիալական հարցումների վերջին տվյալների համաձայն 3%-անոց շեմը կհաղթահարեն 21 գրանցված  կուսակցություններից ու բլոկներից միայն մի քանիսը: Դրանց թվում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը», արտգործնախարար և առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչի գլխավորած Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը, Վոիսլավ Շեշելի գլխավորած ընդդիմադիր Սերբական ծայրահեղական կուսակցությունը և նախկին մարզիկ (ջրագնդակ), այժմ Բելգրադի շրջաններից մեկի ղեկավար Ալեքսանդր Շապիչի շարժումը:

Սերբիայի միապալատ խորհրդարանուը բաղկացած է 250 պատգամավորներից, նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով:

Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ էլ բոյկոտել են ընտրությունները: