Վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեն ազատվել է թուրքական բանտից և տարհանվել է Բելառուս

13:05 • 21.06.20

Վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեն, որը ազատազրկված էր թուրքական բանտում, տարհանվել է Բելառուս: Այս մասին տեղեկացնում է  netgazeti.ge կայքը` հղում տալով վրացական «Մեր իրավունքների համար» կազմակերպության ղեկավար Թամազ Բակուրիձեին:

«Նպատակին դեռևս կիսով չափ ենք հասել: Մինդիա Գորաձեն տարհանվել է: Ուշ երեկոյան նրան տեղափոխել են ներգաղթյալների հարցերով զբաղվող ծառայություն, ինչից հետո նա լքել է Թուրքիայի տարածքը: Մնացածի մասին պարզ կլինի երկուշաբթի»,-ասել է Բակուրիձեն:

Գորաձեի փաստաբանը չի մեկնաբանել նրա արտահանձնումը:

«Ես վստահում եմ Թամազ Բակուրիձեին, ուրիշ ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող»,-ասել է Գորաձեի փաստաբան Լեքսո Կոբաիձեն:

Գորափեի թուրք փաստաբանը ընտանիքին տեղեկացրել է նրա տարհանման մասին:

«Մինդիան կարճ ժամանակում երրորդ երկիր պետք է ընտրեր տարհանման համար, մոտակա չվերթը դեպի Բելառուս էր և նա ընտրեց այդ երկիրը: Նա Բելառուս է եկել այս առավոտ: Դեռևս պարզ չէ, Բաթումիում կշարունակվեն բողոքի ակցիաները նրան Վրաստան տեղափոխելու համար թե ոչ»,-ասել է Բակուրիձեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert. am-ը, Բաթումում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները Թուրքիայից պահանջում են Վրաստան արտահանձնել Թուրքիայում դատապարտված «օրենքով գող» Մինդիա Գորաձեին, որն առավել հայտնի է Լավասօղլի Բաթումցի կեղծանունով: Մինդիա Գորաձեն դատապարտվել է հանցավոր աշխարհին անդամակցելու համար և այժմ կալանքի տակ է պահվում Թուրքիայում:

 Մինդիա Գորաձեն Վրաստանում 2018 թվականին դատապարտվել էր կողոպուտի համար, սակայն այդ ժամանակ նա արդեն երկրում չէր: Նրան ձերբակալել են Թուրքիայում, 2019 թվականին: Նրա բանտարկության ժամկետն ավարտվել է այս տարվա փետրվարի 28-ին, իսկ փետրվարի 29-ին որոշում է կայացվել նրան արտահանձնել, որն այդպես էլ ի կատար չի ածվել: Փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Լավասօղլիին կալանքի տակ պահելու իրավական հիմքերը պարզ չեն: