Մինեապոլիսում կրկին կրակոցներ են հնչել. ամենաքիչը 10 մարդ է տուժել
Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրկին կրակոցներ են հնչել, ինչ հետևանքով ամենաքիչը 10 մարդ է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով քաղաքի ոստիկանությանը:
«10 մարդ գտնվում է հիվանդանոցներում` տեղի ունեցած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վիրավորումներով»,-ասված է քաղաքային ոստիկանության թվիթերյան գրառման մեջ:
Տեղեկացվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Հենեպին շրջանում, տուժածները ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:
Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցերը կապված են սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած՝ բողոքողներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։










