2016-ի ապրիլին Արցախի երկինքը պաշտպանված էր. ադրբեջանական կործանիչ ավիացիան օդ է բարձրացրել, բայց մեր ՀՕՊ-ի կողմից նկատվելուց հետո հետ է դարձել. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)
Սկզբունքորեն անընդունելի է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն պնդումը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր. Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և ոչ մի ինքնաթիռ չի հատել Արցախի օդային սահմանը, և եթե Ստեփանակերտի երկինքն անպաշտպան լիներ, թշնամին կարող էր իր ավիացիան կիրառելով՝ կանխորոշել մարտական գործողությունների ելքը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը:
«Ադրբեջանական կողմն օդ է բարձրացրել իր ավիացիան, և այն պահին, երբ այն մեր ՀՕՊ համակարգի կողմից նկատվել է, ադրբեջանական կործանիչների օդաչուները հետ են դարձել: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ սթափ է գնահատել իրավիճակը, քանի որ եթե իրենց գեթ մեկ ինքնաթիռի կործանման տեսարանը հայտնվեր համացանցում, դա բարոյապես կկոտրեր նրանց»,- ասել է փորձագետը:
Ըստ Ջամալյանի՝ Ապրիլյան պատերազմին հաջորդած ավելի քան չորս տարվա ընթացքում հանրության մեջ տարածվել են դրա մասին բարոյալքող թեզեր, բանակի հանդեպ թերահավատություն է սերմանվել. «Հիմա, երբ փաստերի բացակայության պատճառով քննիչ հանձնաժողովը ֆիքսում է, որ այդ լուրերը սուտ էին, հանրային գիտակցությունում դրանք արդեն խորը նստած են: Լկտի ստեր էին տարածվում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասին: Այդ հանձնաժողովը ստեղծվեց Փաշինյանի՝ դավադիր ուժերի փնտրտուքի համատեքստում, ու պարզ էր, որ այն դառնալու է մահակ նախկինների գլխին»:
Փորձագետի կարծիքով՝ գեներալիտետի վարկաբեկումն այսօրվա իշխանության խարանն է, այն սկսվել է դեռևս 2018-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց. «Մեր բանակաշինության մեջ Խաչատուրովի ավանդը վիթխարի է, նրան նվաստացնելով բերում են երկիր և շինծու գործով դատում են:
Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին դիմում են «ամբաստանյալ» բառով, ո՞ր արժանապատիվ հայը կարող է դա կուլ տալ: Շուշիի ազատագրման օրը մարդկանց դատում են՝ ասելով, թե այլ բանի համար են դատում»:
Դավիթ Ջամալյանի պնդմամբ՝ Ապրիլյան պատերազմը կարելի է որակել իբրև հաղթանակ, որը հայկական կողմին թույլ տվեց ուժի դիրքերից խոսել Ադրբեջանի հետ, թեև հիմա այդ դիվանագիտական ձեռքբերումը մսխվում է:
«Փաշինյանի կառավարման ոճը հախուռն է և չհամակարգված: Ո՞ւմ հետ է խոսելու Փաշինյանն Ադրբեջանում, ժողովրդի՞: Նրան լսելո՞ւ են: Ինչի՞ մասին է խոսելու, իր իսկ հռչակած միկրոհեղափոխությունների՞: Ներքին լսարանին Փաշինյանը մի բան է ասում, իսկ բանակցային գործընթացում լրիվ այլ զարգացւոմներ են: Նա կիրառեց «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինը, դա ադրբեջանական ձևակերպում է: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում հայկական կողմը գնացել է միակողմանի զիջումների»,- ամփոփել է պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը:
Դավիթ Սարգսյան










