«Դեքսամետազոն» դեղամիջոցը, հնարավոր է՝ արդեն օգտագործվի նաև Հայաստանում, բայց այնպես չէ, որ այդ դեղամիջոցն անպայման անմիջապես օգնելու և ազատելու է այս պատուհասից. Փարիզից ժամանած պրոֆեսոր
«Դեքսամետազոն» դեղամիջոցը, հնարավոր է՝ արդեն օգտագործվի նաև Հայաստանում, քանի որ այն առկա է Հայաստանում և օգնում է հիվանդության բուժմանը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց Փարիզից Հայաստան ժամանած բժիշկ Ալեքսանդր Մինյոնը:
«Սակայն այս հիվանդությունը երկար ամիսների պատմություն ունի, և այնպես չէ, որ այս դեղամիջոցը անպայման անմիջապես օգնելու և մեզ ազատելու է այս պատուհասից: Ես Հայաստանին ցանկանում եմ հաջողությամբ պսակել այս գործը»,-ասաց նա:
Պրոֆեսորը հայտարարեց, որ Ֆրանսիայից եկած բժիշկների համար մեծ պատիվ է աջակցել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա տեղեկացրեց, որ հաջորդ խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը:
«Հակահամաճարակային կանոններին հավատարիմ մնալը հիմնական լծակն է այս հիվանդությունից ազատվելու համար: 100 նոր վարակվածներ նպաստում են, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ն անպայման կգտնվի վերակենդանացման բաժանմունքում, և որոնցից 2-ը անպայման կմահանան»,-ասաց նա՝ նշելով, թե բժիշկներն ուժասպառ են, բայց շարունակում են աշխատել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանն էլ նշեց՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր:
«Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի»,-ասաց նա՝ հավելելով, թե միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից:
Վարչապետը նշեց՝ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի:
Հաջորդ ուղղությունը, որով, վարչապետի խոսքով, Կառավարությունն առաջ է շարժվում, առողջապահական կարողությունների զարգացումն է, որ հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:










