Մասնագիտական տոնի առիթով շուրջ 500 բուժաշխատող պարգևատրվեց

19:04 • 22.06.20

«Առհասարակ ծանր է, հիմա ավելի ծանր է»: Այսպես է բնութագրում Շտապօգնության հերթապահ բժիշկն իր հերթապահությունները:

Ռուբենը նոր է ավարտել համալսարանը, աշխատում է ընդամենը 4 ամիս, բայց գրեթե ամեն օր աշխատանքի բերումով շփվում է կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի Շտապօգնության հերթապահ բժիշկն ասաց, որ հիվանդն ավելի շուտ կարող է ընդունել, որ թոքաբորբ ունի, քան հավատալ կորոնավիրուսի ախտանիշներին:

Ինֆեկցիոն շտապօգնության հերթապահ բժիշկն էլ վերջին հիվանդին տեղափոխել է առավոտյան: Նշում է՝ վարակվելուց չի վախենում, պաշտպանված է:

«Արարատի հիվանդանոց»-ի բժիշկները պատմեցին, որ հնարավորինս մեկուսացել են, չեն շփվում հարազատների ու ծանոթների հետ: «Հիմա առանձին եմ ապրում ամուսնուցս ու երեխայիցս: Ընտանիքիս անդամների հետ չեմ շփվում, չեմ բացառում, որ վարակվեմ, այս կերպ գոնե վարակը ոչ ոքի չեմ փոխանցի»,- ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի թերապևտ Անի Մկրտչյանը։

Բուժաշխատողի օրն էլ մասնագետներից շատերը հերթապահության էին:  Բժիշկների աջակցության նպատակով՝ «Բուժաշխատողի օրվա» կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստել էր անակնկալ:

«Հունիսի երրորդ կիրակին աշխարհը նշում է Բուժաշխատողի միջազգային օրը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, հետ չմնալով իր բարի ավանդույթներից, տոնին նվիրված որոշում կայացրեց պարգևատրել 500 բուժաշխատակցի այն ազդակիր համայնքներից, որտեղ ընկերությունը ծավալում է իր գործունեությունը»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:

Ընկերության նախագահն առանձնակի կարևորեց բուժաշխատողների նվիրումն այս դժվարին պայմաններում։

«Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առիթով: Բուժաշխատողները գտնվում են պանդեմիայի չհայտարարված պատերազմի առաջին գծում: Դուք պայքարում եք համաճարակի դեմ՝ փրկելով միլիոնավոր մարդկանց կյանքը, վտանգելով՝ ձերը: Բուժաշխատողի մեծարումից զատ սա փորձ է վերադարձնել Ձեզ մարդասիրության մի մասը, որը դուք այսօր տալիս եք հասարակությանը։ Ես խոնարհվում եմ ձեր առջև՝ ձեր ծառայության, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, որով դուք կատարում ձեր պարտականությունը»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Գեղամասար գյուղի և Արարատ քաղաքի բժիշկները կստանան պարգևատրում:

««ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեությանը, նրանց իրականացրած սոցիալական ծրագրերին ծանոթ եմ, ավելին՝ մի քանիսին մասնակցել եմ: Հիմա կարևոր է յուրաքանչյուր աջակցություն:  Երբ մեզ հայտնեցին, որ «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ընկերությունը պատրաստվում է մեզ՝ Բուժաշխատողի օրվա առիթով շնորհավորել և դրամական աջակցություն ցուցաբերել, ինչ խոսք, հաճելի էր»,- ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացրել է նաև հումանիտար և սոցիալական ծրագրեր արտակարգ դրության պայմաններում, որի բյուջեն գերազանցում է 60 մլն դրամը:

Ընկերությունը 60 տոննա սննդամթերք է տրամադրել ազդակիր բնակավայրերի 2 600 մշտական աշխատանք չունեցող ընտանիքներին, ֆինանսական օգնություն՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին և Արցախյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին:

Երեխաների պաշտպանության օրվա առիթով ևս իրականացվեց երեխաների առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ընկերության ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխայի՝ դեղորայք գնելու նպատակով:

Ընկերության մշտական ուշադրության կենտրոնում են նաև հեմատոլոգիական և նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաները։

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան