Ժողովրդավարության անվան տակ ԱԺ-ում տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում․ իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին․ Ավետիք Իշխանյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անդրադառնալով ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկվող՝ «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագծին։ Նա մասնավորապես նշել է, որ իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին և եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև։ Իշխանյանի գրառումը՝ ստորև․
«ԴԵՊԻ «ՀՊԱՏԱԿ ՀԱՅԱՍՏԱ՞Ն»
Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։
Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։
Այսպիսով, եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։
Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում կամ բացատրություն չի կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։
ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»= «Հպատակ Հայաստան» խմբակցություն։










