Գավառում 2 անձի սպանության և 4 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու քրգործն ապացույցների ձեռքբերման փուլում է. հանցագործների շրջանակն ամբողջությամբ բացահայտված չէ. ՀՔԿ քննիչ (տեսանյութ)
Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործը ներկա պահին գտնվում է ակտիվ քննչական և դատավարական գործողությունների, ապացույցների ձեռքբերման փուլում: Հանցագործություն կատարած անձնաց շրջանակը ոչ ամբողջությամբ է բացահայտված: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀՔԿ քննիչ Արմեն Միքայելյանը՝ խոսելով 2020 թվականի ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած քրեական գործերի մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ Գավառում ապրիլի 28 կրակոցներ են հնչել, մահացել է 2 մարդ։ Tert.am-ի տեղեկություններով՝ հնչած կրակոցներից հետո սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը հարձակում է կատարել հիվանդանոցի վրա։ Նա մի խումբ անձանց հետ` ձողերով ու այլ իրերով զինված, մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների` երկու վիրավորի պարանոցները կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ:
Նա նշեց, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկ անձը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին անձը՝ մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
ՀՔԿ քննիչը նշեց, որ մինչ այդ միջադեպը՝ մարտի 23-ին, Գավառ քաղաքի բնակիչ Արամ Հատյանը վիճաբանել է Նորատուս գյուղի բնակիչ Հովիկ Հակոբյանի հետ, և մի քանի անձով Հովիկ Հակոբյանին ծեծի են ենթարկել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով: Այս ամենի վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վաչությունում: Արդեն 2020 թ. ապրիլի 28-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Արմեն Հայթյանի կողմնակիցներն իրեն պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի ավտոմեքենան, որի ղեկին եղել էր Արման Մելքոնյանը: Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին այդ ժամանակ հաջողվել է փայտե մահակով հարվածել և կոտրել Հովիկ Հակոբյանի մեքենայի դռներից մեկի ապակին:
«Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են»,- ներկայացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










