ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրապետության նախագահի ստորագրման կարիքն այլևս չունի, այն 7-օրյա ժամկետում կհրապարակվի. «Իմ քայլը» նախագիծ ընդունեց
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված փաթեթն ընդունելու հարցը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նա նշեց, որ այս փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախորդ քառօրյայի ընթացքում: Նա ասաց, որ ընդամենը կներկայացնի առաջինից երկրորդ ընթերցում՝ լրամշակումները: Հովակիմյանը նշեց, որ իր կողմից առաջարկվել է ավելացնել մեկ հոդված, ինչն ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովն ընդունել է: «Փոփոխություն է առաջարկվում ԱԺ կանոնակարգի 5-րդ հոդվածում: ԱԺ նախագահի լիազորությունները բաժնում ավելացվում է այսպիսի կետ՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում հրապարակվում է ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները և առաջարկվում է ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի երրորդ մասից հանել «ուղարկվում է հանրապետության նախագահին, որը 22-օրյա ժամկետում ստորագրում է» բառերը: Արդյունքում, ստացվում է այսպես՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով ԱԺ նախագահը ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է»,- նշեց նա:
Հովակիմյանն ասաց, որ այս առաջարկի էությունը կայանում է նրանում, որ փաստորեն, սահմանադրական փոփոխությունների մեր պրակտիկան, որն ունենք, չի ենթադրում սահմանադրական փոփոխությունների ստորագրման ինստիտուտ: «Այս կարգավորմամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ սահմանադրական փոփոխություններն առաջին և երկրորդ սորտի չլինեն, այսինքն՝ չլինի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություն, որն ընդունվելուց հետո հրապարակվում և ուժի մեջ է մտնում, իսկ ԱԺ կողմից ընդունված փոփոխությունը պետք է ստորագրվի և ուժի մեջ մտնի»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, թե մեկնաբանություն կա, որ այս նախագծով հանրապետության նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել: «Ուղղակի տեղեկացման կարգով ասեմ՝ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ, ավելին ասեմ՝ հենց այնտեղից են մատնանշել բացը և շտկել այն»,- նշեց նա:
Նախագծին ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կողմ քվեարկեցին, որոշումն ընդունվեց 89 կողմ ձայնով: Խորհրդարանական ըննդիմությունը հարցի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեց:










