Խորհրդարանական ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի այս հակաօրինական, հակասահմանադրական ընթացքը կասեցնելու համար և պետք է դիմի Սահմանադրական դատարան. Իշխան Սաղաթելյան

16:56 • 22.06.20

Խորհրդարանական ընդդիմությունը պետք է իրենից կախված անհրաժեշտ քայլերը ձեռնարկի այս հակաօրինական, հակասահմանդրական ընթացքը կասեցնելու համար և պետք է դիմի Սահմանադրական դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առաջին ընթերցման ընդունմանը:

«Խորհրդարանական ընդդիմությունն ունի այդ գործիքակազմը և ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ է, որ դիմի Սահմանադրական դատարան, որովհետև մինչ այս իրենց բոլոր քայլերն ու գործողությունները, գնահատականները, որ սա հակասահմանդրական, հակաիրավական ճանապարհ է՝ ապացուցելու լրացուցիչ հնարավորություն է դա»,- նշեց նա:

Հարցին՝ եթե այդուհանդերձ խորհրդարանական ընդդիմությունը չդիմի ՍԴ, չի՛ ստացվում, որ իրենք էլ են կիսում այս ամենի պատասխանատվությունը, Սաղաթելյանն ընդգծեց. «Ես այս պահին չեմ ուզում ընդդիմադիր գործընկերների աշխատաքին և գործունեությանը գնահատական տալ: Ակնկալում ենք, որ իրենք այդ քայլը կանեն, եթե՝ ոչ, համապատասխան եզրակացություն կանենք ու կհնեչեցնենք»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 89 պատգամավոր: Նշենք նաև, որ խորհրդարանական ընդդիմությունը հարցի քննարկմանն ու քվեարկությանը չի մասնակցել: