Մենք առաջնորդվում են այն տրամաբանությամբ, որ ՍԴ հետ կապված վեճը կրում է համակարգային բնույթ․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Որևէ միջազգային կառույց գործընթացը չի դիտարկել հակասահմանադրական, որևիցե մեկը չի քննարկել դրա սահմանադրական բնույթը, և կարծես թե որևիցե մեկը չի դիմել իրավապահ մարմիններին այս գործընթացի վերաբերյալ որոշակի գործընթաց ծավալելու ուղղությամբ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններին առնչվող գործընթացը ընդդիմախոսների կողմից որակվում է որպես հակասահմանադրական:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նիստին ու նախագծի քվեարկությանը չմասնակցելուն՝ Վարդանյանն ասաց. «Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում՝ առանց որևէ պատճառաբանության, իմ կարծիքով՝ դա լավ մոտեցում չէ նախևառաջ ընտրողների նկատմամբ, որովհետև ի վերջո խորհրդարանն ստեղծվել է նաև հասարակությունում առկա այդ նեգատիվ բախումը քաղաքակիրթ դիսկուրսի վերածելու համար: Չմասնակցելը նրանց սահմանադրական իրավունքն է»:
Վարդանյանն ընդգծեց՝ նախագիծը անձնավորված չէ: «Մենք ընդհանրապես անձնական մոտեցմամբ չենք առաջնորդվում, այլ առաջնորդվում ենք ինստիտուտցիոնալ մոտեցմամբ»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե հենց իշխանության ներկայացուցիչներն են պարբերաբար ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը տվել, Վարդանյանն ասաց, թե ՍԴ անդամների, այլ պոշտոնատար անձանց անունները հնչում են պարբերաբար, բայց այդուհանդերձ խնդիրը վերաբերում է ինստիտուտցիոնալ լուծմանը:
«Ինչ վերաբերում է ընդհանրապես ՍԴ քաղաքականացվածությանը, ապա դա ամենավտագավոր բանն է: Խոսքս վերաբերում է ՍԴ բոլոր դատավորներին, ավելին՝ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչներին»,-ասաց նա:
Անդրադառնալով ընթացակարգին՝ Վարդանյանը նշեց. «Գործող Սահմանադրության տեքստում հստակորեն գրված է՝ Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց հետո»:
Մանրամասները՝ տեսանյութում։









