ԱՀԿ-ում գնահատել են կորոնավիրուսի բուժման համար դեքսամետազոնի արդյունավետությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել մեծացնել դեքսամետազոնի արտադրությունը կորոնավիրուսով ծանր հիվանդների բուժման համար՝ նշելով, որ դեղամիջոցը ցույց է տվել իր արդյունավետությունը, գրում է ria.ru-ն։
«Թեև տվյալները դեռևս նախնական են, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեքսամետազոնի ստերոիդային դեղամիջոցը կորոնավիրուսով ծանր հիվանդների կյանքը փրկելու պոտենցիալ ունի, ինչը մեզ ուրախանալու առիթ է տալիս: Հաջորդ մարտահրավերը կլինի արտադրության աճը և ամբողջ աշխարհում դեքսամետազոնի արագ և հավասար բաշխումը»,- ասել է Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայում այդ դեղամիջոցի հաջող փորձարկումներից հետո դեքսամետազոնի պահանջարկն զգալիորեն մեծացել է։
«Բարեբախտաբար, դա էժան դեղամիջոց է, և գոյություն ունեն դեքսամետազոնի բազմաթիվ արտադրողներ ամբողջ աշխարհում, որոնք վստահ են, որ կարող են ավելացնել արտադրությունը», - հավելել է ԱՀԿ ղեկավարը։
Մասնագետները պարզել են, որ դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:
Հետազոտողները պնդում են, որ եթե այս դեղամիջոցը համավարակի սկզբից ի վեր օգտագործվեր կորոնովիրուսով հիվանդներին բուժելու համար, մինչև 5000 կյանք փրկված կլիներ:
Այս դեղամիջոցը մեծապես կարող է օգտակար լինել աղքատ երկրներում, որտեղ մեծ է կորոնավիրուսով հիվանդների թիվը:
Գիտափորձի շրջանակում, որը ղեկավարել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, շուրջ 2000 հոսպիտալացված հիվանդի դեքսամետազոն է տրվել: Այնուհետև նրանց բուժման ընթացքը համեմատվել է ևս 4000 հիվանդի տվյալների հետ, որոնք այս դեղամիջոցը չեն ստացել:










