«Ժողովուրդը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել անվտանգության կանոններին, վաղ են թուլացել». Բելառուսի առողջապահության նախարար

14:03 • 22.06.20

Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հանրապետության բնակիչները կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին սկսել են ավելի քիչ հետևել անվտանգության կանոններին, գրում է eadaily.com կայքը։

Նախարարի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի տարածման առումով իրավիճակը լիովին վերահսկելի է։

«Մենք ինչպես վարակակիրների, այնպես էլ կորոնավիրուսային վարակով պայմանավորված բարդություններ ունեցող (թոքաբորբի տեսքով) հիվանդների թվի անկում ենք նկատում»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ Կարանիկն ընդգծել է, որ բելառուսները կորոնավիրուսի տարածման պայմաններում վաղ են «թուլացել»։

«Ժողովուրդը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել անվտանգության կանոններին»,- հայտարարել է նա և հիշեցրել, որ բնակչության առավել խոցելի խմբի պաշտպանության համար Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներն ուժի մեջ են։

Միևնույն ժամանակ Վլադիմիր Կարանիկը նշել է, որ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումը չեն բացառում, սակայն նա նաև հույս է հայտնել, որ արդեն ձեռք բերված փորձի շնորհիվ դրան առավել պատրաստված կլինեն, քան առաջինին։

«Բելառուսում սահմանափակող միջոցառումները բավականին խիստ, սակայն հատվածային են եղել։ Այսինքն՝ վարակի հակազդման այդ հատվածային միջոցառումները բոլոր դեպքերում պահպանվում են։ Մենք պաշտպանում ենք բնակչության առավել խոցելի խմբերին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի համավարակի հետևանքով արտակարգ դրություն չեն հայտարարել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 505 դեպք, մահացել է 346, ապաքինվել՝ 37 666 մարդ։

Միևնույն ժամանակ երկրում թվերի նվազման հստակ տեմպ է նկատվում։