Չինաստանում 7 աշակերտ է խեղդվել ջուրն ընկած դասընկերոջը փրկելու ապարդյուն փորձի հետևանքով
Չինաստանի Ֆուցզյան գետի ամբարտակում յոթ դպրոցական է խեղդվել ջուրն ընկած դասընկերոջը փրկելու ապարդյուն փորձի հետևանքով, հայտնում է China Daily թերթը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրվա երկրորդ կեսին՝ Թունան շրջանի Միսն բնակավայրում։
Հայտնի է, որ սկզբում ութ երեխայի անհայտ կորելու մասին հայտարարություն է տարածվել, որից հետո նրանց որոնողական աշխատանքներին 200 մարդ է մասնակցել։ Ավելի ուշ հայտնաբերվել են մահացածների մարմինները։
Նախնական քննության համաձայն՝ բոլոր երեխաներն էլ տեղական տարրական դպրոցի աշակերտներ են եղել և հարակից շրջաններում են ապրել:
Հանգստյան օրերին երեխաներն ամբարտակի մոտ խաղալու են գնացել, սակայն երեխաներից մեկն անզգուշության հետևանքով ջուրն է ընկել, իսկ մնացած յոթը փորձել են փրկել իրենց ընկերոջը։










