ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումը ուղղակի վնասում է մեր երկրի զարգացմանը. Վահագն Հովակիմյան
ՍԴ գործունեության ձախողված լինելու ամրագրումը 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությունն է: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը զեկուցում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ:
«Այլևս ակնհայտ է, որ առնվազն առաջին մեկը Հայաստանում հանրաքվե, կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել»,-ասաց նա և նշեց, որ որևէ չկա խնդի, որը հանրության առողջության պահպանումից և անվտանգությունից առավել լինի իրենց համար:
«ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումը ուղղակի վնասում է մեր երկրի զարգացմանը և վտանգում է սպասվող լայնածավալ բարեփոխումները: ՀՀ-ն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան, խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը»,-ասաց նա:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ այսպիսով` ՍԴ բոլոր անդամ-դատավորների կարգավիճակը կհավասարեցվի, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությանն անցնելուց հետո ՍԴ նախագահի պաշտոնավորումը ևս կդադարեցվի: «ՍԴ նոր նախագահի ընտրությունը, որը վեց տարի ժամկետով պետք է լինի, կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այս նախաձեռնությունը հանուն ՀՀ-ի է: «Այսօր պատգամավորներս այս նախաձեռնության օգտին քվեարկելիս քվեարկում ենք, որ մեր երկրում անհատը լինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, Հայաստանը՝ հզոր պետություն, մենք քվեարկելու ենք հանուն ՀՀ-ի»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների հեղինակած նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր, մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը` որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:










