ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների որոշումը. քվեարկությանը մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները (տեսանյութ)

19:34 • 22.06.20

Մինչև Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը՝ Ազգային ժողովը քվեարկեց Սահմանադրության փոփոխության հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովկիմյանը, ով նշեց որ, ըստ էության, եթե դիմեն ՍԴ այս հարցի սահմանադրականության ստուգման համար, ՍԴ-ն օբյեկտիվորեն զրկված է որոշում կայցնելու հնարավորությունից: Նա նշեց, որ ՍԴ անդամներն իրենց վերաբերող հարցին չեն կարող օբյեկտիվ որոշում կայացնել և կոչ արեց դեմ քվեարկել հարցի սահմանադրականությունը ստուգելու համար այն ՍԴ ուղարկելուն:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով նշեց, որ հաշվի առնելով ՍԴ առնչությամբ շահառու կողմ լինելու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայցված հիմանվորումները, որ ՍԴ-ն հանդիսանում է կողմ՝ «Իմ քայլը» դեմ է քվեարկելու նախագիծը ՍԴ ուղարկելուն:

Հարցը դրվեց քվեարկության և 88 դեմ, մեկ կողմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, որ պատգամավորներից մեկը սխալմամբ էր կողմ քվեարկել:

Ապա քվերակության դրվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Վահագն Հովակիմյանը վարման կարգով ելույթում նշեց, որ Սահմանադրության 202 հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ին տրված է Սահմանադրության կոնկրետ հոդվածներում փոփոխություններ կատարելու լիազորություն, ՍԴ դիմելու անհրաժեշտությունով պայմանավորված՝ չի կարող ԱԺ լիազորությունը ի չիք դարձվել, այդիսկ պատճառով առաջարկեց, որ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվի հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանն էլ նշեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը նվիրված է սահմանադրական փոփոխությունների հոդվածի քննարկման և ընդունման կարգին, և որ հոդվածը չի կարգավորում, թե ինչպես պետք է վարվել, երբ որոշումն ԱԺ-ն ՍԴ ուղարկելու չի ընդունում․ «Ինչպես սովորաբար, նման դեպքերում, մենք պետք է շարժվենք առաջ՝ գուցե նախադեպ ստեղծելով»,- ասաց նա

Նախագիծը դրվեց քվեարկության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները, նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կողմ քվեարկեցին:

Իսկ խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը քննարկմանն ու քվերակությանը չմասնակցեցին, ինչպես առաջին ընթերցման ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում։