Իշխանությունն ուզում է խամաճիկային դատական համակարգ ստանալ. մենք կունենանք անգործունակ, պատային ՍԴ. Միքայել Մելքումյանը` սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

13:41 • 22.06.20

Կարճ ժամանակ առաջ քաղաքական մեծամասնությունը՝ իշխանությունը, դիմել էր Վենետիկի հանձնաժողով, և ուրբաթ օրը Վենետիկի հանձնաժողովը քվեարկել էր այն տեքստին, որն այսօր հրապարակվել է, սակայն մինչև հրապարակվելը` ուրբաթ օրը, իշխանությունն օրվա վերջում դրեց կայքում այն նախագիծը, որը մենք որակում ենք սահմանադրական կարգի տապալում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով` արդեն հրապարակված տեքստը ցույց է տալիս, որ հակառակ բևեռի տեքստ է հրապարակել:

«Ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը, ասել է, որ պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայմանն է: Իսկ մենք ինչ ենք անում, ոչ մի անկախություն չենք ապահովում, ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ, և անցումային փուլ էր տվել Վենետիկի հանձնաժողովը: Մենք կունենանք անգործունակ Սահմանադրական դատարան, որովհետև եթե երեքը դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում, և այդ 5-ը չի ապահովելու, մենք սահմանադրական պատային իրավիճակ ենք ունենալու»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` ԲՀԿ-ն արձանագրում է այն, ինչ կատարվում է, և քաղաքական մեծամասնությունը մեր երկիրը տանում է փակուղի:

«Երբ որ հորջոջում էր, որ տնտեսական հեղափոխություն է իրականացվում, բայց դա չկար, այն ժամանակ քաղաքական մեծամասնության պատգամավորներից որևէ մեկը վեր չկացավ ասի, որ այդպիսի բան չկա: Իսկ եթե դու այդպիսի բան չես արձանագրում, այսինքն` արդեն կառավարման համակարգի որակը շատ-շատ հեռու է բավարար լինելուց: Արդյունքում` հենց համավարակը եկավ, կառավարման այդ տիպի և այդ որակի համակարգը անպատրաստ էր կառավարելու: Այսինքն` մենք արձանագրում ենք, որ կառավարությունը ձախողել է կառավարման ամբողջ համակարգը, ու և՛ մահերը, և՛ մնացած խնդիրների համար պատասխանատվության ինստիտուտ պիտի առաջանա»,-ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով` քաղաքական բանավեճ գոյություն չունի, և երբ ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը տարբեր ոլորտներում ձախողել է, և դա տեսնում է հասարակությունը, ընդդիմությունն ասում է` քաղաքական վեճ տանենք, իրենք խոսում են քաղաքական հաշվեհարդարի լեզվով: