Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը

10:17 • 22.06.20

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը, ինչի մասին վկայում են worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 9 051 889 դեպք, որից 470 821-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 4 842 025 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 2 356 657 դեպք, որից 122 247-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջատար հնգյակի երկրորդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 1 086 990 դեպք, որից 50 659-ը՝ մահվան ելքով: Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ վարակման 584 680 դեպք, որից 8111-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ վարակման 426 910 դեպք, որից 13 703-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ վարակման 304 331 դեպք, որից 42 632-ը՝ մահվան ելքով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ոչ միայն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, այլև՝ հիվանդությունից մահացության՝ շրջանցելով Իրանին:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 21-ի դրությամբ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 6840, մահացության ցուցանիշը՝ 118:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում: