Նյու Յորքի Բնագիտական թանգարանը որոշել է իր մուտքի մոտից վերացնել ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի արձանը, Թրամփը «ծիծաղելի» է անվանել որոշումը (լուսանկարներ)
Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանը կապամոնտաժի իր մուտքի մոտ տեղադրված ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի արձանը: Դրա պատճառը բազմամյա բողոքներն են առ այն, որ արձանը խորհրդանշում է գաղութացում և ռասայական խտրականություն: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը` հղում տալով Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոյին:
Արձանը բրոնզաձույլ է, որը պատկերում է Թեոդոր Ռուզվելտին ձիու վրա նստած, իսկ նրա կողքին կանգնած են հնդկացի և աֆրիկացի տղամարդիկ:
«Ամերիկյան բնագիտական թանգարանը խնդրել է ապամոնտաժել Թեոդոր Ռուզվելտի արձանը, որովհետև դրանում սևամորթ և բնիկ մարդիկ կան, որոնք պատկերված են ստրուկի ու ռասայապես անհավասար մարդու կարգավիճակում: Քաղաքը հավանություն է տալիս թանգարանի խնդրանքին: Դա ճիշտ որոշում է և հիմա էլ շատ հարմար ժամանակ է, որպեսզի հանենք այդ խնդրահարույց արձանը»,-ասել է քաղաքապետ Դե Բլազիոն:
Թանգարանի տնօրեն Էլեն Ֆուտտերը հայտարարել է, որ «թանգարանի աշխատակազմը զգացված է ռասայական արդարության համար աստիճանաբար աճող շարժումից, որը սկսվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո»:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի ու երկրի ուշադրությունն ուղղվում արձաններին` որպես համակարգային ռասիզմի վնասակար խորհրդանիշներ»,-ասել է թանգարանի տնօրենը:
Պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս պարզ չէ, թե երբ կապամոնտաժվի Ռուզվելտի արձանը և ուր կտեղափոխվի այն:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել արձանի պամոնտաժմանը:
«Ծիծաղելի է, մի արեք»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա շնչել չկարողանալու աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են անցկացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:












