Ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի. Սիսակ Գաբրիելյան

14:22 • 22.06.20

Ըստ էության՝ «Իմ քայլը» խմբակցությունը որևէ դիրքորոշում չի արտահայտում, նա պարզապես տալիս է իր համաձայնությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ մեկ շաբաթ առաջ մեծամասնություն կազմող խմբակցությունը վստահելով դատախազի ներկայացրած փաստերին, առանց որևէ առարկության, կողմ քվեարկեց, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկվի և նրա հանդեպ քրեական հետապնդում սկսվի, իսկ դատարանը մեկ շաբաթ քննելուց հետո մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ, արդյոք դատարանի անաչառությունն այս պարագայում կասկածելի՞ է, թե ոչ:

«Դատախազը նաև ներկայացրեց, որ կա հիմնավոր կասկած, որ անձը, գտնվելով ազատության մեջ, կարող է ազդել գործի քննության վրա: Դատարանը կայացրեց այն որոշումը, որը բոլորիդ հայտնի է, այս մասով էլ չեմ ուզում արձագանքել, որովհետև գիտեմ, որ դատախազությունը բողոքարկելու է և գործը կքննվի նաև վերաքննիչ դատարանում , հետևաբար, այս պահին լրացուցիչ կարծիքը գուցե ազդի կամ այնպես ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է որևէ ազդեդություն ունենալ դատական պրոցեսի վրա: Մենք հարցադրումներով և ելույթներով հանդես չեկանք՝ փորձելով չեզոքություն պահպանել»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, փաստացի կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա: Պատգամավորն ասաց նաև, որ համամիտ է դատախազության որոշման հետ, որ վճիռը պետք է բողոքարկվի:

«Ենթադրում եմ, որ իմ վերաբերմունքն այս նախադասությունից, ձեզ համար փոքր ինչ ընկալելի է : Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդման մասին, և՛ դատախազը ներկայացրեց, և՛ նաև ԱԱԾ տարածած տեսանյութից որոշակի մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես, որ այն հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել է դեռևս փետրվար ամսին և ինձ համար տարօրինակ չէ, որ այդ փաստաթղթի հայտնաբերումից հետո, երբ հարցաքննվել են որոշակի անձիք, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ասած այդ հայտարարությունը: Գուցե դատախազությունում և ԱԱԾ-ում ունեն իրենց աղբյուրները , փետրվարին սկսված այդ գործընթացը կարծում եմ՝ ինչ- որ մի փուլի հասել է նաև իրենց, քանի որ ամեն դեպքում հարցաքննվել է եթե չեմ սխալվում մի անձնավորություն, ով առնչություն է ունեցել իրենց կուսակցության հետ, և տվել է խոստովանական ցուցմունք»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, երբ այս ամեն ինչը համադրում ենք ժամանակագրությամբ, պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի է եղել այդ ինֆորմացիան: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ գործ ունենք 2-րդ քաղաքական ուժի ղեկավարի հետ, անտրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն հակառակը չպնդեր:

«Բայց մի պարզ բան ասեմ, եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի: Պարոն Ծառուկյանը և ԲՀԿ խմբակկցության պատգամավորները պարբերաբար ասում են, թե այս պրոցեսը սկսվել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, ինչ հայտարարություն էր դա, անկեղծ ասած, մինչև այս պահը փորձում եմ հասկանալ: Այդ հայտարարությունից ընդամենը օրեր անց կարծես թե վերախմբագրելով գնաց. սկզբում ասում էին՝ պետք է կառավարությունը հրաժարական տա, հետո ասացին՝ դե լավ ինչ ենք ասել, ընդամենը մտահոգություն ենք բարձրաձայնել: Կամ եթե անգամ պարոն Ծառուկյանը նման հայտարարություն է արել, հիմա ինչ այլևս չի՞ անում, ի՞նչ է նշանակում, իմ հայտարարությունից հետո սկսվեց»,- ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ նմանատիպ հայտարարություն, ավելի վաղ արել է Էդմոն Մարուքյանը:

«Սովորական հայտարարություն էր, ավելին ասեմ, ես շնորհավորում եմ ԲՀԿ-ին, որովհետև իրենք, իրենց ամբողջ գործունեության ընթացքում, առաջին անգամն է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը և այդ պահանջից հետո 10-15 դեռ շարունակում են պահանջել: Իրենց քաղաքական փորձը միշտ ցույց է տվել, որ իրենք պարբերաբար եղել են այլընտրանք կամ այլ ուժ: Բոլոր հնարավոր առիթներով, ուղիղ հարցադրմանը, արդյո՞ք պահանջում է օրինակ Սերժ Սարգսյանի հրաժարականը, միշտ եղել է խուսափողական պատասխան: Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտություն և այդ արտահայտությունից կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,- ասաց պատգամավորը: