Եթե ԱԺ ընդդիմությունը չվիճարկի սահմանադրական փոփոխությունները, մենք կվիճարկենք, կդիմենք նաև ՄԻԵԴ, ես անձամբ դա կանեմ, Նազարյանն ու Թոխյանը` ևս. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

12:17 • 23.06.20

Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը:

Հարցին՝ ինչպե՞ս է վիճարկելու, եթե որոշվի, որ պետք է դադարեցնի աշխատանքը, Գյուլումյանն ասաց, թե չի կարծում՝ բանը դրան կհասնի:

Հարցին՝ այսինքն՝ վստա՞հ է, որ կշարունակի պաշտոնավարել, և իշխանությունները չեն փորձի իրեն հեռացնել, Գյուլումյանը պատասխանեց. «Իշխանությունների ընդունած օրենքն է, և այն ինձ վրա չի տարածվում»։

ՍԴ դատավորը նախագծի սահմանադրականությոնը գնահատական չտվեց. «Նախ՝ վաղ է դրա համար, և երկորրդ՝ չեմ բացառում, որ որևէ մեկը կդմի ՍԴ, և ես չեմ ցանկանում ինձ կաշկանդել»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե ԱԺ պատգամավորներն այդ հարցով ՍԴ չեն կարող դիմել, ի վերջո՝ կարո՞ղ են, թե՞ ոչ, Գյուլումյանն արձագանքեց. «Ենթադրում եմ, որ ԱԺ-ն կարող է դիմել ՍԴ, բայց դա քննարկվելիք հարց է, պետք է ուսումնասիրել»:

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չվիճարկի, դատավորները կարո՞ղ են վիճարկել հարցին ի պատասխան՝ ՍԴ դատավորն ասաց․ «Իհարկե կարող են, ներպետական միջոցները սպառելու դեպքում կդիմենք ՄԻԵԴ։ Ես անձամբ դա կանեմ, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը` ևս, կարծում եմ, չեն լռի»։

Հարցին՝ շահերի բախման խնդիր չի՞ լինի, եթե ՍԴ-ն քննի ՍԴ-ին առնչվող հարց, Գյուլումյանը պատասխանեց, թե ամբողջ աշխարհում ընդունված է, որ սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց. «Մեր ՍԴ-ն էլ նախկինում էլ քննության է առել նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,-հավելեց ՍԴ դատավորը: