Թուրքիայում «կառավարությունից անկախ» կառույց կստեղծվի, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության ժխտմամբ
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստ, որի օրակարգում եղել է «կառավարությունից անկախ» կառույցի ստեղծման հարցը, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության ժխտմամբ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ նիստի ժամանակ գլխավոր հարցը եղել է Թուրքիայի` արտաքին քաղաքականությունում Հայոց ցեղասպանության հարցին բախվելը և դրա դեմ պայքարելու համար մարտավարություն մշակող կառույցի ստեղծումը:
Պարբերականը նշում է, որ կառույցի ստեղծման միտքը ծագել էր դեռևս ամիսներ առաջ, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը քննարկվում էր Կոնգրեսում, իսկ ամերիկյան դատարաններում քննվում էին Թուրքիայի դեմ ներկայացված հայերի հայցերը:
Նիստում նշել են, որ մինչ այս Հայոց ցեղասպանությանը հակազդող կառույց գոյություն չի ունեցել: Էրդողանը հրահանգել է կառույցը ստեղծել հնարավորինս սեղմ ժամկետներում:










