Ավելի քան 1500 դեպք. Գերմանիայում՝ Եվրոպայի խոշորագույն մսի կոմբինատում, կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել

09:25 • 23.06.20

Կորոնավիրուսով վարակման ավելի քան 1500 դեպք է գրանցվել Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասում գտնվող Tönnies մսի արդյունաբերական խոշոր ձեռնարկության աշխատակիցների շրջանում: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ Գյուտերսլոհ քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով կարող են տոտալ ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել։ Որպես նախազգուշական միջոց՝ քաղաքում փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները։ Չի աշխատում նաև այն ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը։

Գերմանիայի աշխատանքի նախարար Հուբերտուս Հայլը հայտարարել է, որ Եվրոպայի խոշորագույն մսի կոմբինատի սեփականատերերը պետք է պատասխանատվության ենթարկվեն կորոնավիրուսի զանգվածային բռնկման համար։

Նրա խոսքով՝ ամբողջ տարածաշրջանը «պատանդ է ընկել» գործարանի՝ իր աշխատակիցներին պաշտպանելու անկարողության պատճառով։ Առողջապահական մարմինները նույնպես մեղադրել են ընկերությանը։

Տեղական լրատվամիջոցները նկատում են, որ Գերմանիայում վերջին օրերին նկատվում են COVID-19-ի տեղական բռնկումներ:

Վերջին տվյալներով՝ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 192 119 դեպք, 8969-ը՝ մահվան ելքով։