Թուրքիայում Ֆրանսիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 4 մարդու են ձերբակալել
Թուրքիայի իշխանությունները Ֆրանսիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 4 մարդու են ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:
Պարբերականի տվյալներով` կասկածյալները «տեղեկություններ են հավաքել պահպանողական կազմակերպությունների, կրոնական խմբերի, կրոնական հարցերով թուրքական վարչության և դրանց աշխատակիցների ներքին աշխատանքի վերաբերյալ»:
Ձերբակալվածներն օգտագործել են անձը հաստատող կեղծ փաստաթղթեր և ներկայացել են որպես Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության գործակալներ: Նրանք վստահեցրել են, որ տեղեկություններ են հավաքում ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` «Իսլամական պետության» մասին:
Կասկածյալներից մեկը` Մեթին Օզդեմիրը, ֆրանսիացի զինվորականների կողմից հավաքագրվել է Աֆղանստանում ծառայություն անցնելու ժամանակ: Թուրքիա վերադառնալուց հետո նա սկսել է աշխատել Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանում, իսկ որոշ ժամանակ անց` 2013 թվականին հանդիպել է մի մարդու հետ, որը սերտ կապված է եղել Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության` ֆրանսիական հետախուզության հետ: Նա Օզդեմիրին որոշակի տեղեկատվության համար խոստացել է օգնել ծառայության անցնելու Արտասահմանյան լեգեոնում:
Օզդեմիրը խոստովանել է, որ ֆրանսիական իշխանություններին տեղեկատվություն է փոխանցել 120 մարդու՝ այդ թվում իմամների մասին: Նա լրտեսական գործունեության մեջ է ներգրավել ևս 3 մարդու:










