Պնդում եմ, որ հակասահմանադրական դրույթ չկա և 300.1 հոդվածը իրավական որոշակիության խնդիր չունի. Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ (տեսանյութ)

16:57 • 23.06.20

Իրավունքի չարաշահում է առկա, դա այն դեպքն է, երբ անձիք իրենց օրենքով նախատեսված իրավունքները իրացնում են այլ, գուցե իրենց ունեցած դատավարական շահը ապահովելու համար, շահը դատական նիստը ձգձգելն է, դատաքննության անցնելը, ապացույցների հետազոտումը բացառելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հակառակը՝ նշում են, որ մեղադրող կողմն է փորձել ձգձգել, դատախազն ասաց․ «Երբ մենք կմտնենք դատաքննության, կտեսնենք՝ ինչն է ջուր և ինչն է ջախջախվում, այդպիսի հայտարարություններն ու իրենց վարքագիծը իրար չեն համապատասխանում»,-ասաց նա և նշեց, որ չի եղել դատական նիստ, որին մեղադրական կողմը չի ներկայացել և նիստը հետաձգվել է:

«Դատարանի կամ մեղադրանքի կողմի որևէ վարքագիծ, որը կհանգեցներ գործի քննության այսպիսի ձգձգումների, չի կարող մատնանշվել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ դատարանի որոշումը չեն ստացել, ստանալուց անմիջապես հետո կնախապատրաստվի բողոք և կներկայացվի Վճռաբեկ դատարան:

«Պնդում եմ, որ հակասահմանադրական դրույթ չկա և 300.1 հոդվածը իրավական որոշակիության խնդիր չունի, իսկ կանխատեսումներ չեմ ցանկանում անել»,-ասաց նա և չցանկացավ քաղաքական գնահատականներ տալ: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանից՝ որպես իրավաբան ակնկալում է մասնագիտական մոտեցում, իսկ դա այն է, որ վիճարկվող նորմերը Սահմանադրությանը համապատախանում է: