Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացված կանխարգելիչ միջոցառումները որևէ էական հաջողություն չունեցան, միայն վնասեցին պետությանը. համաճարակաբան

22:28 • 23.06.20

Մեր երկրում կորոնավիրուի դեմ պայքարում սահմանափակող միջոցառումները համաճարակի զսպման առումով որևէ էական հաջողություն չունեցան, միայն վնասեցին պետությանը և այսօր տարածաշրջանում առաջատար տեղ ենք զբաղեցնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:

Համաճարակաբանի կարծիքով՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության առումով շատ բացթողումներ են եղել: Ըստ նրա՝ նման դեպքերում պետք է մասնագետների հետ լուրջ քննարկումներ լինեին՝ հասկանալու համար սահմանափակումներն ի՞նչ խստությամբ պետք է իրականացվեին, որպեսզի վարակի տարածումը սկզբնական շրջանում զսպվեր:

Ռուբեն Հովհանիսյանն ընդգծեց, որ դիմակը որոշակի պաշտպանիչ ազդեցություն թողնում է, սակայն պետք է հաշվի առնել նաև դրա բացասական կողմերը: «Եթե շոգ եղանակին ամբողջ օրը դիմակով ես, դա կարող է հետագայում շատ այլ խնդիրներ առաջացնել, քանի որ բոլոր մարդկանց թոքերում կան պայմանական ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք կարող են ախտաբանական տարբեր խնդիրներ առաջացնել: Այդ առումով խիստ մտահոգություններ ունեմ, որ հնարավոր է հետագայում այլ պաթոլոգիաների վերելք ունենանք»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա անդրադարձավ նաև կորոնավիրուսի բուժման ընթացքում կիրառվող դեղամիջոցներին և նշեց, որ երկիրը այդ առումով թերացել է, շատ դեղորայքներ, որոնք այլ երկրներում չեն օգտագործվում, Հայաստանում շարունակում են կիրառել, ինչպես օրինակ «Պլակվենիլ» դեղամիջոցը, որը ԱՀԿ-ն արդեն հրաժարվել է կիրառելուց.

«Երբ հիվանդներին նշանակում են «Պլակվենիլ» դեղամիջոցը, տեղեկատվական թերթիկ են տալիս են, որ պացիենտը տեղյակ լինի այդ դեղամիջոցի բարդությունների մասին: Իմ կոլեգաների հետ զրուցելիս ես տեղեկանում եմ, որ շատ հաճախ կորոնավիրուսի հետևանքները այդքան բարդություն չեն ներկայացնում, որքան դեղամիջոցի առաջացած բարդությունները»:

Համաճարակաբանի խոսքով՝ իր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակչության զգալի մասը, որ կարիք ունի հետազոտվելու, ամիսներ շարունակ չի կարողանում հետազոտվել. «Իմ շրջապատում նկատում եմ թոքաբորբ ունեցողների, որոնք չեն հետազոտվում: Պետք է առողջապահական համակարգը նախապատրստվեր: Եթե այս տեմպերով շարունակվի, երբ եղանակները ցրտեն, հնարավոր է վարակի ուժգնացում լինի»:

Ռուբեն Հովհաննիսյանը նշում է, որ առկա է նաև տեղեկատվության պակաս. արդյոք բնակչության ամբողջ մասը վարակվելուն ունա՞կ է, թե՞ կա բնակչության մի շերտ, որ այսպես, թե այնպես չի վարակվելու: Նրա կարծիքով, հարկավոր է հնարավորինս շատ հետազոտություններ անել, քանի որ թեստավորումը կանխարգելիչ դեր ունի․ վարակված մարդն ավելի զգույշ է լինում շրջապատում:

«Մենք տեսնում ենք, որ նախարարության թույլտվությամբ միայն համապատասխան հզորություն ունեցող լաբորատորիաներն իրավունք ունեն ՊՇՌ մեթոդով ախտորոշում կատարելու և փոխանակ պետությունը աջակցեր նման լաբորատորիաներին թե՛ թեստերի, թե՛ ծառայություների գնելու առումով, նրանց հնարավորությունները սահմանափակում են, ինչը բերում է թեստավորումների քանակի սահմանափակմանը, ինչը մեր երկրին՝ օդի նման անհրաժեշտ է»,- նշեց նա:

Համաճարակաբանը նշեց նաև, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատված մասնագիտական խումբը մշտապես դիմել և իր աջակցությունն է հայտնել համավարակի դեմ պայքարում, սակայն նրանց հետ քննարկում չի եղել. «Մենք օպերատիվ կերպով մեկ-երկու շաբաթվա ընթացքում ռազմավարություններ մշակեցինք, կանխատեսումներ արեցինք, ներկայացրեցինք պարետին, ասեցին շնորհակալություն և հաջողություն: Սա էլ իրենց վերաբերմունքը  մասնագիտական պոտենցիալի նկատմամբ։