«Պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել թալիշ ակտիվիստներին». Amnesty International

16:10 • 23.06.20

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով պահանջել է ադրբեջանական իշխանություններից անհապաղ ազատ արձակել թալիշ գիտնական Ֆահրադդին Աբբասովին (Աբոսզոդա) և թալիշական ծագմամբ բլոգեր Էլվին Իսաևին: 

Հայտարարության մեջ ասված է, որ Աբբասովն ու Իսաևը «զրկվել են ազատությունից իրենց ակտիվ գործունեության և ադրբեջանական իշխանություններին քննադատելու համար»:

«Նրանք քաղաքականապես մոտիվացված մեղադրանքների զոհ են դարձել և գտնվում են կտտանքների և վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի տակ: Նրանց գործերում բացակայում է որևէ ճշմարտացի ապացույց առ այն, որ նրանք որևէ հանցագործություն են կատարել»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Ֆահրադդին Աբբասովը ձերբակալվել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ռուսաստանում` ադրբեջանական իշխանությունների արտահանձնման պահանջով, և 2019 թվականի փետրվարի 28-ին արտաքսվել է Ադրբեջան:

2020 թվականի փետրվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանը նրան մեղավոր է ճանաչել հայրենիքի դավաճանություն (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդված) հոդվածով, սահմանադրական կարգն ուժով փոխելու հասարակական կոչերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար և դատապարտել է 16 տարվա ազատազրկման:

«Դատարանը հիմնվել է նրա հրապարակումների վրա, որոնցում նա իր քաղաքական հայացքներն էր արտահայտել և հանդես էր եկել թալիշական անկախ պետություն հիմնելու դիրքերից: Դա դատարանը համարել է նրա կատարած հանցագործությունների ապացույց: Դատարանի որոշումը մեջբերել է նրա հրապարակումներն ու հարցազրույցները, ինչպես նաև այն քաղաքական ծրագրերն ու ելույթները, որոնք նա վարել է թալիշական ազգային հեռուստատեսության համացանցային ալիքով, երբ բնակվում էր Ռուսաստանում: Ինչպես էլ եղած լինի, դատավճռում թվարկված և Amnesty International-ի ուսումնասիրած ոչ մի նյութ միջազգային իրավունքի շրջանակում իրենից որևէ հանցագործության ապացույց չի ներկայացնում և չի պարունակում բռնության կոչեր: Տարածքի առանձնացման կոչերն իրենցից խոսքի ազատության իրականացում են ներկայացնում, և Ֆահրադդին Աբբասովը իրականացրել է խոսքի ազատության իր իրավունքը` պաշտպանելով թալիշական անկախ պետության վերաբերյալ իր հայացքները: Ֆահրադդին Աբբասովի շարունակվող քաղաքական հետապնդումը կապված է նրա խաղաղ քաղաքական ակտիվության հետ»,-ասված է Amnesty International-ի հայտարարության մեջ:

Հարկ է հավելել, որ մասնակիորեն փակ դատական գործընթացն Աբբասովի նկատմամբ տեղի է ունեցել բազմաթիվ խախտումներով, իսկ նրա փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվել(3 փաստաբան է փոխվել):

Դատավարության ընթացքում միակ վկան հրաժարվել է ցուցմունքներից:

Ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևն էլ 2019 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Բաքու այցից առաջ ստիպողաբար վերադարձվել է Ադրբեջան: Նա ադրբեջանական իշխանությունների կողմից մեղադրվում է զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման կոչերի համար:

«Նրա նկատմամբ մեղադրանքներն անհիմն են և կապված են նրա կողմից կոռուպցիայի և քաղաքական բռնաճնշումների մասով ադրբեջանական իշխանությունների հրապարակային քննադատությամբ: Նրան մերժում են իր ընտրությամբ փաստաբան վարձելու հարցում, և նա ենթարկվում է իր իրավունքների կոպիտ ոտնահարման»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ: