Թրամփը 10 տարվա ազատազրկմամբ է սպառնացել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը վնասած վանդալներին

11:06 • 23.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 տարվա ազատազրկմամբ է սպառնացել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանի նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև Վաշինգտոնում գտնվող Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին (St. John's Episcopal) վնասելու համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Վաշինգտոնում բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել Լաֆայեթ այգում Էնդրյու Ջեքսոնի հոյակապ արձանի նկատմամբ վրդովեցուցիչ վանդալիզմի, ինչպես նաև ճանապարհին Սուրբ Հովհաննեսի եկեղեցուն արտաքին վնաս հասցնելու համար։ Տասը տարի ազատազրկում՝ վետերանների հուշարձանների պահպանության մասին օրենքով: Զգուշացե՛ք»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Նշենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցարարները շարունակում են հուշարձաններ ավերել և ապամոնտաժել։

Աելի վաղ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարներն ապամոնտաժել էին իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը և այն լիճը նետել՝ պատվանդանի վրա թողնելով «Կոլումբոսը ցեղասպանություն է մարմնավորում» գրառումը, իսկ Մեծ Բրիտանիայում ցուցարարները պղծել էին նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել էին Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։