Թրամփը կարգադրություն է ստորագրել մինչև 2020 թվականի ավարտը մի շարք կատեգորիաների վիզաների՝ այդ թվում Գրին քարտի տրամադրումը դադարեցնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել մինչև 2020 թվականի ավարտը մի շարք կատեգորիաների վիզաների տրամադրումը կասեցնելու մասին: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Խոսքը H1-B, H-4 և H-2B, L աշխատանքային վիզաների և J կատեգորիայի փաստաթղթերի մեծամասնության մասին է, բացի այդ՝ նոր Գրին քարտի (ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության) տրամադրումը նույնպես կդադարեցվի մինչև դեկտեմբերի 31-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի վիզաների տրամադրման կասեցումը երկարաձգում է մինչև տարեվերջ, որպեսզի ամերիկացի աշխատողները երկրի՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների կազդուրումից հետո առաջինը ստանան արտոնություններ»,- նշվում է տեքստում:
Կարգադրության գործողությունը կարող է երկարաձգվել նաև այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո։
«Հունիսի 24-ից 30 օրվա ընթացքում և կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր 60 օրվա ընթացքում ներքին անվտանգության նախարարության ղեկավարը, պետքարտուղարի և աշխատանքի նախարարի հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում հանդես կգա փոփոխությունների առաջարկով»,-ասված Է փաստաթղթում:
Վերջին մի քանի տարիներին Սպիտակ տան վարչակազմը փորձել է խստացնել H-1B վիզաների տրամադրման ծրագիրը։ Այս ծրագիրը թույլ է տալիս ամերիկացի գործատուներին ժամանակավոր հիմունքներով վարձել օտարերկրյա աշխատողների: Տեխնոլոգիական արդյունաբերությունը ակնկալում է H-1B վիզա՝ իր ոլորտում խորը գիտելիքներ ունեցող արտասահմանյան մասնագետների վարձելու համար, հատկապես գիտական և տեխնիկական ոլորտներում: Նման մոտեցման քննադատները պնդում են, որ որոշ ընկերություններ չարաշահել են ծրագիրը և գործազուրկ թողել ամերիկացի աշխատակիցներին։
H-4 վիզաները տրվում են H-1B վիզաների սեփականատերերի մերձավոր ազգականներին:
H-2 վիզաները թույլ են տալիս ժամանակավոր հիմունքներով աշխատողներ վարձել գյուղատնտեսության, շինարարության, անտառային արդյունաբերության և շատ այլ ոլորտներում:
H-2B վիզան թույլ է տալիս ամերիկյան գործատուներին ժամանակավոր հիմունքներով վարձել օտարերկրացիներին մեկանգամյա, սեզոնային կամ պարբերական հիմունքներով աշխատելու համար:










