Մեծ Բրիտանիայի բնակիչների 75%-ը քվեարկել է Բորիս Ջոնսոնի աշխատավարձի կրճատման օգտին. հարցում

12:27 • 23.06.20

Մեծ Բրիտանիայի բնակչության մեծամասնությունը` 75%-ը, կողմ է հանդես եկել կորոնավիրուսի համավարակի ֆոնին վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատավարձի կրճատմանը, հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով հարցման տվյալներին։

Բրիտանացիների մեծ մասը ցանկանում է, որ Ջոնսոնը 10 տոկոսով ոչ միայն իր, այլ նաև ավագ նախարարների աշխատավարձերը կրճատի։ Հարցվածների 13 տոկոսը դեմ է նման գաղափարին, 11 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

«Բրիտանացիների երեք քառորդը ցանկանում է, որ Բորիս Ջոնսոնը հետևի Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի օրինակին և տարեկան աշխատավարձը մոտ 15 հազար ֆունտ ստերլինգով կրճատի»,- գրում է պարբերականը։

Մարդիկ ավելի շատ մտավախություններ են սկսում ունենալ սահմանափակումների ռեժիմի տնտեսական հետևանքների համար․ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսային համավարակի հետևանքով 300 տարվա մեջ ամենամեծ ճգնաժամային իրավիճակի առաջ է կանգնել, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը։