Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը

17:32 • 23.06.20

Այսօր` հունիսի 23-ին, Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 115 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայնով ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնականին առավելագույնս մոտ ձևով:

Օրինագծի ընդունման համար պահանջվում էր 113-ից ոչ պակաս ձայն, քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր:

Օրինագծին, իշխող «Վրացական երազանք»-ից բացի, հավանություն են տվել և կողմ են քվեարկել անկախ պատգամավորները, պահպանողականները, սոցիալ-դեմոկրատներն ու «Հայրենասերների դաշինք» խմբակցությունը:

Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը վերջնագիր է ներկայացրել` հայտարարելով, որ իրենք կողմ չեն քվեարկի այդ փոփոխություններին, եթե վրացական «Գլխավոր ալիք» հեռուստաալիքի հիմնադիր Գիորգի Ռուռուան չազատվի բանտից:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը փոփոխություններին կողմ էր քվեարկել առաջին ընթերցման ժամանակ, սակայն երկրորդ ընթերցման քվեարկությանը չի մասնակցել: Որպես պատճառ կուսակցությունը կրկին նշել է Ռուռուայի ազատազրկման փաստը և հայտարարել է, որ երրորդ ընթերցման ժամանակ խմբակցությունը կրկին չի մասնակցելու քվեարկությանը: