«Երբեք մի՛ վիրավորեք՝ «բեղավոր խավարասեր», և այլն, ես դեռևս նախագահ եմ». Լուկաշենկոն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ «Բելառուսում իշխանությունը չեն փոխի» (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աջակցում է երկրի ներկայիս իշխանություններին:
«Այսօր Բելառուսում իշխանությունը չեն փոխի: Ոչ նրա համար, որ մենք կապտած մատներով կպահենք այն, այլ նրա համար, որ մեծամասնությունը ճնշող է, և մենք գիտենք, թե դա ինչ մեծամասնություն է: Մենք ուղղակի չենք հրապարակում այդ սոցիոլոգիական հարցումները»,-հայտարարել է Լուկաշենկոն Բրեստում ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրությունը հրապարակել է «Пул Первого» թելեգրամյան ալիքը:
Միևնույն ժամանակ բելառուս առաջնորդն իր քաղաքական հակառակորդներին առաջարկել է իրենց բոլոր խնդիրները պատմել իրեն և երկրի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին: Նա բրեստյան ընդդիմության ներկայացուցիչներին հայտարարել է նաև, որ «իրենից բացի ոչ ոք» չի լուծի նրանց խնդիրները և արգելել է վիրավորել իրեն:
«Դուք հանգստացեք: Եթե ինչ-որ խնդիրներ ունեք, պատմեք: Լսեք, ինձնից բացի դրանք ոչ ոք չի լուծի: Դրանք ոչ ոք չի լուծի բացի այն իշխանությունից, որն այսօր կա: Ոչ ոք»,-նշել է Լուկաշենկոն:
«Եվ երբեք մի վիրավորեք՝ «բեղավոր խավարասեր», և այլն, և այլն: Ես դեռևս գործող նախագահ եմ: Ոչ մի երկրում չի թույլատրվում վիրավորել մարդկանց: Ես ձեզնից ոչ ոքի անձամբ չեմ վիրավորել»,-ավելացրել է Լուկաշենկոն:
Բացի այդ, նա թերահավատորեն է մոտեցել իրեն վերագրվող 3% վարկանիշին:
«Այդ դուք եք, որ ձեր շապիկներին արդեն գրել եք «Սաշա 3%»: Բայց գոնե դուք անձամբ հավատո՞ւմ եք, որ գործող նախագահի վարկանիշը 3% է: Անգամ այս այլընտրանքային քարոզարշավում ես 3%-ից ավելի ձայն կհավաքեմ: Ահա նրանք կգնան ու կքվեարկեն: Գիտեն՝ ինչի համար են քվեարկում, այնպես որ պետք չէ սադրել»,-նշել է Բելառուսի նախագահը:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն հայտարարել է երկրում խաղաղությանն ու կայունությանն իր նվիրվածության մասին և վստահեցրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կեղծիք չի լինի:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին:
Տեսանյութն` այստեղ:










