Մեքսիկայի հարավում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
Մեքսիկայի հարավում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությանը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օախակա նահանգի Կրուսեսիտա քաղաքից 12 կմ հարավ-արևելք ընկած հատվածում:
Օախակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:
«Վնասվել է Ուատուլկոյի հիվանդանոցը: Անհրաժեշտ կլինի տեղափոխել հիվանդներին: Նախնական տվյալների համաձայն՝ շենքի ճակատամասի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել»,- ասել է նահանգապետը:
Վերջինս հավելել է, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ չկա:
Տարբեր տվյալների համաձայն՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 7.1-7.7 բալ:











