Նյու Յորքում մեկնարկել է սահմանափակումների ռեժիմի թուլացման երկրորդ փուլը․ քաղաքն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին. The Guardian
Նյու Յորքը կորոնավիրուսային համավարակի ֆոնին անցնում է սահմանափակումների ռեժիմի թուլացման երկրորդ փուլին․ քաղաքն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին, գրում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկուշաբթի օրվանից սկսած՝ երեք ամսվա մեջ առաջին անգամ, նյույորքցիները բացօթյա սրճարաններում սնվելու հնարավորություն կունենան, բոլոր խանութները, գեղեցկության սրահները նույնպես ակտիվ կերպով կվերսկսեն իրենց գործունեությունը՝ միայն հաճախորդների և անձնակազմի դիմակներ կրելու և սոցիալական հեռավորությունը պահելու պարագայում։ Նշվում է, որ դպրոցների գործունեությունը դեռևս դադարեցված է, սակայն խաղահրապարակները բաց են։
Հայտնի է, որ սահմանափակումները չեղարկելու համար չորս հիմնական փուլ է նախատեսվում: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ երկրորդ փուլը քաղաքի տնտեսական գործունեության վերաբացման համար ամենակարևոր մասն է։
Երկուշաբթի 150 000-ից մինչև 300 000 մարդ է վերադարձել իր աշխատանքին։
Հայտնի է, որ քաղաքում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը վերջին օրերին բավականին նվազել է, սակայն այստեղ դեռևս բարդ իրավիճակ է, և դրա լիովին հաղթահարման համար դեռևս շատ ժամանակ անհրաժեշտ կլինի։
Սահմանափակումների ռեժիմի թուլացումը հնարավորություն կտա փաստաթուղթ չունեցող մոտ 725 000 ներգաղթյալի վերադառնալ աշխատանքի և գոնե փոքր-ինչ մեղմել ֆինանսական դրությունը։
Հայտնի է, որ Նյու Յորքում համավարակի սկզբից կորոնավիրուսից ավելի քան 22 000 մարդ է մահացել։










