Սերբիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկար)
Սերբիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևների և դրանց հետևանքով որոշ տարածքների՝ ջրի տակ անցնելու պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Օսեչինա, Կրուպան, Լոզնիցա և Լյուբովիա բնակավայրերում ջրի տակ է հայտնվել ավելի քան 700 տնային տնտեսություն։
Ամենածանր վիճակը Լյուբովիայում է․ այստեղ գետը երեք կամուրջ, այդ թվում և միջքաղաքային ճանապարհի մի մաս է ավերել։ Եվս մի քանի կամուրջ մասնակի փլուզման վտանգի տակ է։
Նշվում է, որ ընդհանուր տուժած տարածքներից տարհանվել է 70 ընտանիք, մնացածները չեն լքում իրենց տները, սակայն տեղափոխվում են վերին հարկեր։ Տարերային աղետի գոտում աշխատում են հատուկ ծառայության աշխատակիցները։
Ճգնաժամային շտաբը նաև Արիլե քաղաքի որոշ շրջաններում է արտակարգ դրություն հայտարարել։
Սերբական գետերում ջրի մակարդակը բարձրանում է՝ սպառնալով լայնամասշտաբ ջրհեղեղի վերաճել։ Նշվում է, որ վտանգավոր դրություն է ստեղծվում երկրի ինչպես արևմտյան, այնպես էլ հյուսիսարևելյան հատվածներում։
Ջրհեղեղի պատճառն այստեղ հունիսի համար ոչ բնորոշ հորդառատ անձրևներն են։











