Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար նոր կանոններ կգործեն
Բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջիկների այցելության համար սահմանած սահմանափակումները սկսել են չեղարկել: Ամեն երկիր իր սեփական չափորոշիչներն է սահմանում զբոսաշրջիկների այցելությունների համար, և այդ չափորոշիչները լրացվում են գրեթե ամեն օր: Deutsche Welle-ի թուրքալեզու ծառայությունը ներկայացրել է այն չափորոշիչները, որոնք սահմանվել են Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար:
Այսպիսով՝ Թուրքիա այցելող յուրաքանչյուր ոք պարտավոր չի լինի թեստավորվել, սակայն առողջության ստուգումը պարտադիր կլինի: Առողջության ստուգումը ներառում է առողջության մասին հարցերի պատասխաններ ու ջերմության չափում: Այն մարդիկ, որոնց ջերմաստիճանը 37,8 աստիճանից բարձր կլինի, թեստավորում կանցնեն:
Նեևկայում թեստավորման կենտրոններ կան Ստամբուլի և Անթալիայի օդանավակայաններում: Ըստ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալների` մոտ ժամանակներս թեստավորման կենտրոններ կստեղծվեն նաև մի շարք այլ միջազգային օդանավակայաններում: Առկա թեստավորման կենտրոններն ի վիճակի են սպասարկել օրական 20 000 մարդու: Բացի օդանավակայաններից, թեստավորման կենտրոններ կան նաև Բուլղարիայի և Հունաստանի հետ ցամաքային սահմանների անցակետերում: Թեստերի պատասխանները ստացվում են 15 րոպեից մինչև 3 ժամվա ընթացքում:
Թեստի պատասխանի դրական լինելու դեպքում Թուրքիայի քաղաքացիներն ուղարկվում են պետական հիվնադանոցներ, իսկ այլ երկրների քաղաքացիները` մասնավոր հիվանդանոցներ: Օտարերկրացիների դեպքում, եթե թեստի պատասխանը դրական է, սակայն հիվանդանոցում որոշում է կայացվում, որ ստացիոնար բուժման կարիք չկա, վարակվածը ինքնամեկուսանում է հյուրանոցում, որտեղ Զբոսաշրջության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ կորոնավիրուսով վարակվածների համար հատուկ մեկուսացման գոտիներ են ստեղծվել:
Թուրքիա մուտք գործելիս պարտադիր կլինի ունենալ նաև առողջապահական ապահովագրություն:










