«Իմ բախտը բերել է, որ լավ հիշողություն ունեմ». Բոլթոնը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել գրել Թրամփի մասին 500-էջանոց գիրքը

10:39 • 24.06.20

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ դեռևս Սպիտակ տանն աշխատելու ժամանակ էր ծրագրել հուշագրություն գրել։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա իրադարձությունների լավագույն վերարտադրությունն է, որ ես կարող էի կազմել։ Ես երջանիկ եմ, որ լավ հիշողություն ունեմ»,- ընդգծել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել 500 էջից բաղկացած գիրք գրել իրադարձությունների մասին և վերարտադրել պաշտոնատար անձանց մեջբերումները։

«Սովորաբար զրույցների ձայնագրությունները ոչնչացվել են դրանց ձայնագրմանը հաջորդող հանգստյան օրերին»,-նշել է նախկին խորհրդականը՝ ընդգծելով, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո իր մոտ ոչ մի ձայնագրության նմուշ չի մնացել։

Հիշեցնենք, որ Բոլթոնի հեղինակած «Սենյակը, որտեղ դա եղել է. Սպիտակ տան հուշերը» աղմկահարույց գիրքը լույս է տեսել երեկ: Հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար: Սակայն ԱՄՆ դաշնային դատարանը թույլատրել է հրապարակել նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գիրքը՝ չնայած Սպիտակ տան առարկություններին: