Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի քաղաքական հետապնդում է. Դավիթ Խաժակյանը՝ իրեն հարցաքննության հրավիրելու մասին (տեսանյութ)
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում տեղեկացրեց, որ երեկ առավոտյան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համար ամրագրված մեքենայի վարորդի տուն են այցելել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանները, որը հայտնի է որպես 6-րդ վարչություն, և տարել Ոստիկանություն՝ բացատրություն տալու:
«Հարցերը, որոնք ուղղվել են, նպատակ են ունեցել պարզելու, թե որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները և ինչո՞ւ եմ ես առանց իմ իմացության ինձ նկարած լուսանկարներում վարում խմբակցության մեքենան: Ոստիկանները բաժին են հրավիրել նրա կնոջը, հարցևել, թե նա տեղյակ է ինչ աշխատանք է կատարում իր ամուսինը: Կարելի էր դիտել «Արմ լուր» լրատվական կայքի հաղորդումը, որտեղ ես իմ աշխատատեղի կայանատեղիից նստում եմ մեքենան և գալիս քաղաքապետարան և պատմում ավագանու անդամի աշխատանքի մասին»:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ երեկ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնից ստացել է ծանուցում, որով իրեն հրավիրում են հարցաքննության բոլորովին այլ քրեական հարցի շրջանակում:
«Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի քաղաքական հետապնդում է: Դուք պետք է ապացուցեք, որ նախկին ու նորը դա միայն ժամանակագրություն չէ, դա վարվելակերպ է, որը կրում եք դուք և տեսանելի դարձնում քաղաքացիների համար: Կեցցե այն Հայաստանը, որ ձեզանից հետո է գալու: Ես այսօր ստացա իմ հերթական ծանուցումը, որ ժամը 3-ին պետք է գնամ»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով Դավիթ Խաժակյանին, ասաց՝ ինչի՞ց պետք է մարդիկ վախենան ձեր ելույթների՞ց, ձեր ելույթները մեզ միայն օգուտ են, հարյուր անգամ ասել եմ: Յուրաքանչյուր ելույթ սուր է թե բութ միայն օգուտ է: Վստահեցնում եմ՝ ոչ մեկ ոչ մեկին չի ուզում լռեցնել, ինչքան մարդիկ շատ խոսեն դա իշխանության օրենքն է:
Խաժակյանը պատասխանեց․ «Լավ չեմ հասկանում ինչի՞ եք 6-րդ վարչության խոսնակի պաշտպանի դերակատարումը ստանձնել։Դուք էլ մի օր հայտնվելու եք իմ կարգավիճակում։
Հայկ Մարությանը պատասխանեց.
«Ես դա բացառում եմ, քանի որ թե ձեր և թե մյուս մարդկանց նման ինֆորմացիայի փոխանցման միջոցներով ամենաաբսուրդ մտքերը մեր պատկան մարմինները վերցնում են՝որպես վարույթ և ամենաաբսուրդ հարցերով կանչում և հարցաքննում են, պարզելու այդպես է՝ թե ոչ: Հիմա ինչի՞ եք խառնվել եթե ձեր կարծքիով սա աբսուրդ է ուրեմն աբսուրդ է, ինչ քաղաքական գործիչ, ինչ հետապնդում, լավ էլի»:










