Երբ քաղաքացիներն ուզում են ակտիվ լինել, չպետք է նստեն, իսկ քաղաքային իշխանությունն իրենց սպասարկի․ Հ․ Մարությանը՝ քաղաքացիների՝ հանրային լսումներին տեղյակ չլինելու մասին
Ալիխանյան 6/1 շենքի վերաբերյալ հանրային լսումներին, շենքի բնակիչների պնդմամբ, բավարար իրազեկված չեն եղել և այդ լսումներին մասնակցել են կառուցապատողի կողմից հրավիրված մարդիկ, ովքեր բնականաբար դրական կարծիք են ունեցել սպասվելիք նախագծով շենքի մասին. Այս մասին նշեց ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլ»ը խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ դիմելով քաղաքապետին:
«Այն մարդիկ, որոնք շահառու են և իրազեկված չեն եղել, չեն մասնակցել և մասնակցում են այն մարդիկ, ում հրավիրում է կառուցապատողը: Ես գտնում եմ, որ արդար չէ: Կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանը եթե հանձ է առնում հանրային լսումներ, պետք է անի պատշաճ: Դրա հնարավորությունները Երևանի քաղքապետարանը ունի և ես չէ, որ պետք է հուշեմ դրա ճանապարհները: Այդ շենքի բնակիչները հավաքած 1000 ստորագրություն ունեն և ցանկություն ունեն հանդիպելու Ձեզ հետ»:
Հայկ Մարությանը նշեց, որ այդ շենքի մասին բազմիցս զեկուցել են: Սակայն ներկայացվում է մի իրավիճակ, որը ներկայացրել են շենքի բնակիչները, ինչը սուբյեկտիվ է.
«Կարևոր է այն մոտեցումը, երբ քաղաքացիներն ուզում են ակտիվ լինել, դա չի նշանակում, որ իրենք պետք է նստեն, և քաղաքային իշխանությունները իրենց սպասարկեն, ջուր բերեն, հովացնեն: Օրենքի համապատասխան իրազեկում եղել է: Եթե ակտիվ քաղաքացի ես, ուզում ես լսելի լինել, թող աշխատանքային խումբ ունենային իրազեկվեին: Կառուցապատողը իրենց իրազեկե՞լ է, թող իրենց էլ իրազեկվեին:
Դա նույն բանն է, որ ձեզ ոստիկանը բռնի ասեք՝ ես չէի կարդացել, գայիք դուռս ծեծեիք, կարդայիք, որ իմանայի : Եթե ակտիվ քաղաքացի ես պետք է քո իրավունքները պաշտպանելու ձևերը իմանաս: Մենք չենք կարող ամեն մեկի տուն գնալ ասել՝ այսպիս բան կա, գիտե՞ք թե չէ»:










