Բարձրահարկեր պետք է կառուցվեն ճիշտ տեղում․ Արսեն Կարապետյանը՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նախագծի մասին
Ցանկացած քաղաքում պետք է բարձրահարկեր կառուցվեն, բայց ճիշտ տեղում է պետք կառուցել և հեռուն նայել. Ավագանու նիստի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արսեն Կարապետյանը՝ անդրադառնալով հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծին:
«Ես կարծում եմ, որ բարձրահարկ շենքերը պետք է լինեն թանկ, չի կարող էժան կամ միջին բնակարանը բարձրահարկ շենքում լինի, որովհետև դա ական է, որը դրված է մեր երեխաների և թոռների ապագայում: Կառուցապատողը իքս գումարով կկառուցի և երկու իքսով կվաճառի կգնա, իսկ շենքի սպասարկումը, վերելակը, ավտոկայանատեղը մնում է քաղապետարանի և քաղաքի «վզին», կներեք արտահայտությանս համար: Զարգացած քաղաքներում բարձրահարկ շենքերում թանկ բնակարաններն են և բնակիչները վճարում են նաև ամորտիզացիոն ծախսերի համար և այդ բոլոր հարցերը լուծվում են»:
Արսեն Կարապետյանի կարծիքով ավելի ձեռնտու է կաոուցել ցածրահարկ շենքեր, քանի որ այդկերպ սոցիալական հարցեր է լուծվում:
«Հիմա Կոմիտասի վրա կառուցում ենք 400 բնակարան՝ 1200-ից 1400 նոր բնակիչներ և 350 մեքենայի համար նոր կայանատեղի, ինչը իմ կարծիքով թույլատրելի չէ և քաղաքի ապագայի համար մեծ խնդիր է: Կարելի է կառուցել ցածր բնակարաններ և ավելի թանկ վաճառել:
Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն անդրադառնալով նախագծին նշեց, այն նախագիծը, որը դառնալու է խիստ բնակեցված, ավագանին կարող է իր մանդատը օգտագործել և թույլ չտալ հողի նշանակության փոփոխություն, ինչը պատկան մարմիններին հնարավորություն կտա վերանայել որոշումը:
«Կառուցապատողներին չպետք է համարենք հակառակ կողմ: Մեր մտահոգությունները կառուցապատողի համար է, որովհետև եթե որևէ շինարարության շուրջ ստեղծվում է ողջամիտ ընդվզում, իրենց իսկ շինարարության համար շատ վատ է: Լավ կլինի, որ մեր ուղերձը ուղված լինի նրան, որ առաջին իսկ քայլերից սկսած և կառուցապատողները և բնակչները ներդաշնակ լինեն և զատենք մի կողմին առավելություն տալուց և երկու կողմին չմղենք առճակատումների: Ավագանին կարողէ իր խղճով դեմ լինել հողի նշանակության փոփոխությանը մինչև ունենաք բալանսավորված ծրագիր»:
Հայկ Մարությանը ընդգծեց, որ խնդրի վերաբերյալ երկու կողմերն էլ ճիշտ են.
«Մի կողմը ասում է՝ կանաչը, տարածքը, հանգստությունը, մյուս կողմը ասում է՝ ներդրումները, տնտեսությունը, աշխատատեղերը, զարգացումները և երկուսի մեջտեղը մենք ենք: Դուք էլ եք մեջտեղը, բայց դուք կողմ եք, ձեզ կողմ եմ տեսնում: Եկեք մեջտեղը հասկանանք ոնց ենք անում»:










